Tag Archive: նովել

Մար 15 2012

Լեոնիդ Ենգիբարովի ծննդյան օրն է

1935թ. մարտի 15–ին Մոսկվայում ծնվել է հանրահայտ հայ ծաղրածու Լեոնիդ Ենգիբարովը։
Նա բացի հանճարեղ ծաղրածու լինելուց, գրել է նաև շատ գեղեցիկ նովելներ: Նրա նովելները կարող եք կարդալ այս բլոգում.

Permanent link to this article: http://arxangelo.info/engibarov-3/

Օգս 25 2011

Լեոնիդ Ենգիբարով – Աղջկան, որը կարողանում է թռչել

Դու մի՛ վախեցիր։ Քեզ հետ երբեք ոչինչ չի պատահի, որովհետև դու երկու սիրտ ունես։ Եթե մի պահ նրանցից մեկը կանգ առնի, ապա կողքին կբաբախի երկրորդը։
Նրանցից մեկը տվել է քեզ քո մայրը։
Նա ի վիճակի է եղել այդ անել, որովհետև տասնինը տարի առաջ կարողացել է սիրել, սիրե՜լ… Մի՛ ծիծաղիր, շատ դժվար է սիրելը։
Իսկ երկրորդ սիրտը ես եմ քեզ տվել։ Պահի՛ր քո կրծքում իմ խենթ սիրտը։
Եվ ոչ մի բանից մի՛ վախեցիր։
Նրանք կողք-կողքի են, եթե կանգ առնի մի պահ մեկը, ապա կբաբախի երկրորդը։
Միայն թե ինձ համար մի՛ անհանգստացիր, ես թեթև ու հիանալի քայլում եմ երկրի վրայով, դա յուրաքանչյուրին է հասկանալի։
Իմ սիրտը քո կրծքում է։

Permanent link to this article: http://arxangelo.info/engibarov-2/

Օգս 11 2011

Լեոնիդ Ենգիբարով – Անձրևանոցը

… Փոքր-ինչ լռելուց հետո աղջիկն ասաց. «Բայց մենք տեղ չունենք ապրելու, տուն չունենք»։
Տղան ծիծաղեց և ասաց, որ ինքը անձրևանոց ունի, բոլորովին նոր, ու եթե կոճակը սեղմես, նա ինքն իրեն կբացվի։ Եվ անձրևանոցը հրաշալի տուն է, շատ հարմարավետ երկուսի համար։ ճիշտ է, այն պատեր չունի, բայց փոխարենը բավական է ձեռքը երկարել, և դուք կիմանաք, թե դրսում տարվա որ եղանակն է՝ օրինակ, անցե՞լ է գարունը, թե դեռ շարունակվում է։
Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/engibarov/

Օգս 03 2011

Լեոնիդ Ենգիբարով – Աստղային անձրև

Ես քեզ աստղային անձրև կնվիրեմ։ Յուրաքանչյուր մարդու կյանքում լինում են աստղային անձրևներ՜ մաքուր ու զարմանալի, եթե ոչ օրեր, ապա գոնե հազվադեպ ժամեր՝ լի աստղային լույսով, կամ թեկուզև րոպեներ, նույնիսկ վայրկյաններ, լինում են, անպայման լինում են, հարկավոր է միայն վերհիշել…
Հիշու՞մ ես, թե երբ ես դու կատարել ամենահպարտ արարքը…
Օրն ու ժամը, երբ դու տեսել ես մարդուն, որը հետո դարձել է ամենասիրելին…
Արվեստի հետ հանդիպումից ծնված հիացմունքի պահը…
Վիշտն ու ցավը ցրող ծիծաղի երջանիկ րոպեները…
Եվ մեր կյանքի շատ ու շատ՝ պայծառություն արձակող պահերը մարդիկ անվանում են աստղային։
Ես քեզ աստղային անձրև եմ նվիրում։
Նայի՛ր, նրա կաթիլները ես քեզ իմ ափերով եմ բերել։

Permanent link to this article: http://arxangelo.info/leonid-engibarov/

Հուն 30 2011

Լեոնիդ Ենգիբարով – Ցլամարտիկը

Աղջիկը սիրում էր տղային։
Գիտեր, որ նա ամենահմուտ ցլամարտիկն է։
Նա բոլորից լավ էր տիրապետում մուլետին, իսկ փայլատակող սուրը կարծես նրա ճկուն ձեռքի շարունակությունը լիներ։ Սակայն չնայած նա ամենաճկունն ու արագաշարժն էր, գեղեցիկն ու անվախը, այդպես էլ հռչակավոր մատադոր չդարձավ։
Մատադոր լինելու համար նրան պակասում էր ամենագլխավորը։
Նա չէր կարողանում սպանել։
Եվ հենց դրա համար աղջիկը սիրում էր տղային։

 

Permanent link to this article: http://arxangelo.info/matador/

Հուն 24 2011

Լեոնիդ Ենգիբարով – Քո դեմքը

Քեզ նկարելու համար ես կընտրեմ կանաչ եղեգնյա շրջանակով հանդարտ անտառային լճակը և կսպասեմ, թե երբ կգա պայծառ սեպտեմբերյան առավոտը, և որ անպայման հաճելի բուրմունք արձակեն դաղձն ու սոճու փշերը։ Այդ ժամանակ էլ ես գործի կանցնեմ։
Սկզբում ես կնկարեմ աչքերդ, դրա համար ես հուլիսյան տաք երկնքի կապույտ պատառիկներ եմ պահել։
Կաղամախու արմատների մոտից ես մամուռի սև-կանաչավուն ցողուններ կհավաքեմ և զգուշությամբ կիջեցնեմ ջրի մեջ. դրանք քո թարթիչներն ու հոնքերը կլինեն։
Շրթունքներդ ես ջրաշուշանների մեծ պսակաթերթերով կշարեմ, իսկ նրանց բարակ կոթունները կուրվագծեն դեմքիդ օվալը, քո քիթն ու մազերը։ Քիչ էր մնում մոռանայի, դեմքիդ կենդանություն տալու համար ինչ-որ ջերմ երանգ է հարկավոր… Ջրի վրայով ես մասուրի նուրբ-ծիրանագույն սերմեր կսահեցնեմ։ Այսպես ավելի լավ է։ Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/engibarov-your-face/

Հուն 02 2011

Լեոնիդ Ենգիբարով – Հարևանները

Ա՜խ, ինչպես էին դատապարտում նկարչին հարևանները։ Բոլորը խոսում էին այն մասին, թե նա ի՜նչ, տաղանդավոր է, և ի՜նչ ափսոս է, որ խմում է՝ թաքուն ուրախանալով, որ գոնե այս հարցում նման է իրենց։
Եվ ոչ-ոք չգիտեր, որ նկարչր տանը գինու սափորում արդեն վաղուց սովորական աղբյուրի ջուր է, որն առավոտները թեթև քայլվածքով բերում է նա, որին սիրում է նկարիչը։
Իսկ հարբած է, որովհետև խմում է վաղորդյան արևը, ձյունածածկ գագաթների ճերմակությունը և վրձնով թափթփում է դրանք իր կտավների վրա։
Ես այցելում էի նրա միշտ բաց տունը, ջուր խմում այն սափորից և, օրորվելով, երջանիկ ու տխուր, գնում տուն։
Երևի, այնուամենայնիվ, դա սովորական ջուր չէր, կամ էլ մեղավոր էին ջուրը լցնող ճկուն ձեռքերը, և աչքերը այն աղջկա, որը շատ է սիրում նկարչին, լեռնային մանուշակի գույն ունեցող աչքերը։
Իմ խեղճ գլուխն այնպե՜ս է պտտվում, եվ ես ինձ այնքա՜ն լավ եմ զգում։ Իսկ ահա անմիտ հարևաններն արդեն ինչ-որ բան են խոսում իմ մասին։
Թող այդպե՛ս լինի։

Permanent link to this article: http://arxangelo.info/neighbors/

Հին գրառումներ «